Фармацевтическая химия, дизайн лекарств Рудольф Акопян

Ռուդոլֆ Հակոբյան

Իոնների ակտիվությունը

Активность ионов

АКТИВНОСТЬ (ионов, а) –  Իոնների ակտիվությունը թերմոդինամիկական մեծություն է, լուծույթի բաղադրիչների արդյունարար (գործող) կոնցենտրացիան՝ հաշվի առնված լուծույթում միջիոնական էլեկտրաստատիկ ձգողական ուժերի հետևանքով համակարգի վարքի շեղումները իդեալական լուծույթի մոդելից: Շեղումների պատճառը պայմանավորված է զանազան ֆիզիկական և քիմիական երևույթներով  (դիպոլային փոխազդեցություն, ջրածնական կապեր, բևեռացում, ասոցում, դիսոցում, սոլվատացում…): Ա-ը այն կոնցենտրացիան է, որը կունենար մտածածին իդեալական լուծույթը, եթե օժտված լիներ նույն թերմոդինամիկական հատկություններով, ինչ որ տվյալ իրական լուծույթը : Կոնցենտրացիայի փոխարինումը ակտիվությամբ (a) հնարավորություն է տալիս իդեալական լուծույթներին վերաբերող թերմոդինամիկական հավասարումները կիրառել ռեալ լուծույթների նկատմամբ : Իոնի Ա-ը  (a) և հավասարակշիռ կոնցենտրացիան  (c) կապված են հետևյալ բանաձևով՝ ax = fa.cx, որտեղ  ax –ը x իոնի ակտիվությունն է, fa –ն իոնի ակտիվության գործակիցը (չափայնություն չունի), cx –ը՝  x իոնի մոլային կոնցենտրացիան լուծույթում (մոլ/լ):

Իոնի ակտիվության և դրա ընդհանուր կոնցենտրացիայի հարաբերությունը կոչվում է  ակտիվության գործակից (ԱԳ)` fa = a/c: Էլեկտրոլիտների լուծույթներում ԱԳ-ը էլեկտրաստատիկ փոխազդեցությունների չափանիշ է, կախված է իոնի էլեկտրոնային կառուցվածքից, շառավղից, լիցքից, լուծույթի իոնական ուժից  (տես Ионная сила раствора, Iс): Միևնույն բացարձակ լիցքով իոնները իոնական ուժի նույն արժեքի դեպքում ունեն միատեսակ ԱԳ : Ջրային լուծույթում տվյալ էլեկտրոլիտի  (կամ իոնի) fa –ի արժեքը հիմնականում կախված է լուծույթում գտնվող բոլոր իոնների (i) մոլային կոնցենտրացիաներից (ci) և լիցքերից (zi) : Անսահման նոսր լուծույթների համար  a = c, այսինքն fa = a/c = 1, ռեալ լուծույթների համար՝ fa < 1 : Լուծույթի իոնական ուժի և ակտիվության միջև եղած կապը արտահայտում է Դեբայի-Հյուկելի հավասարումը (տես Дебая-Хюккеля теория):

cover art: golden words, red background

Քիմիայի և դեղագիտության համառոտ հանրագիտարան

Հանրագիտարանը ներառում է ընդարձակ տեղեկություններ քիմիայում և դեղագիտությունում կարևոր նշանակություն ունեցող նյութերի, երևույթների, հասկացությունների վերաբերյալ, ինչն անհրաժեշտ է այդ և բժշկության, կենսաբանության, գյուղատնտեսության... բնագավառների գիտաշխատողների, ուսանողների, ավագ դպրոցի ուսցիչների, սովորողների համար:
Հրատարակչություն՝ Եվրոպրինտ
Հրատարակված է՝ 04.04.2016
Հրատարակություն՝ 1
ISBN՝ 978-9939-0-1720-4
Հասանելի է կոշտ կազմով